Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վերջ տանք «Այս երկիրը երբեք երկիր չի դառնա» կարծրատիպին

Վերջ տանք «Այս երկիրը երբեք երկիր չի դառնա» կարծրատիպին
11.11.2016 | 00:52

ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց և ընդունվեց նորացված Ընտրական օրենսգիրքը: Հավատացեք, այն կարևոր քաղաքական գործընթաց է և, փառք Աստծո, ձեռք բերվեց լուրջ համաձայնությամբ: Վստահաբար կարող եմ ասել, որ հաջողությունը, կայունությունը, հզորությունը, բարեկեցությունը ստեղծվում են հարգանքով, միմյանց հավատալով և ոչ թե սրան-նրան երկրպագելով: Իսկ այսօրվա համաձայնությունը թույլ կտա մեզ հետագայում անկեղծ ծիծաղել և ուրախանալ մեր միասնությամբ և համերաշխությամբ: Իշխանության, ընդդիմության և հասարակության խոհեմ, առողջ մտքի շնորհիվ մենք ստեղծեցինք հաստատուն արժեք: Յուրաքանչյուր անձին հավասար իրավունքով մասնակցելու հնարավորություն երկրի հասարակական քաղաքական կյանքին:

Ընտրությունները պետք է անցնեն ազատ, արդար, թափանցիկ ընտրական օրենսդրության համաձայն, վստահության և հավատի մթնոլորտում: Վերջ տանք բամբասանքին, միմյանց չհավատալուն և չարախոսությանը, կեղծ չեզոքությանը: Ընտրություններին ընդառաջ բոլորս էլ ողջունում ենք նոր Ընտրական օրենսգրքի շուրջ Հայաստանի իշխանությունների, ընդդիմության և հասարակության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, այն շատ ողջունելի ու կարևոր քայլ է: Ընտրական օրենսգրքի քննարկումներն անցան համատեղ ըմբռնման ձևաչափով, իշխող կոալիցիայի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, շահագրգիռ քաղաքական ուժերի համագործակցությամբ, ապահովելով և բարձրացնելով ժողովրդի վստահությունը` գալիք 2017 թ. ընտրությունների համար կայուն և հուսալի պատվանդան ստեղծելով:
Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի պետական և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և առաջընթացի համար ռեալ պայմաններ են ստեղծել: Դրանք կարևոր են և անհրաժեշտ բովանդակային ու կառուցվածքային փոխհարաբերություններն իրականացնելու կառավարման մոդելում, ինքնակառավարման, դատավարական և օրենքի գերակայության ոլորտներում: Այդ գործընթացն ընթացել է միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Փոփոխությունները համահունչ են միջազգային չափանիշներին ու մեր երկրի հանրության ցանկություններին առավել արձագանքող: Մնում է մենք չկառչենք հնացած կարծրատիպերից, բացառենք ընտրակեղծիքները և անվերապահորեն հավատանք, որ մենք կարող ենք և պետք է անցկացնենք ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրություններ:

Ինչպես նշել է նախագահ Ս. Սարգսյանը, «նեղանալ, նեղսրտել չկա», զարմանալու և անակնկալի գալու ոչինչ չկա: Եկել է ժամանակը, մենք պետք է լավ ապրենք, ճիշտ ապրենք և այսուհետ «լավին» լավով հասնենք: Սիրենք միմյանց, որ Աստված էլ սիրի մեզ, սատարենք միմյանց, որ աշխարհն էլ հավատա և օգնի մեզ: Սակայն իշխանությունը չպետք է միայնակ կատարի ազատ, արդար թափանցիկ ընտրությունները: Վստահության համար ընտրողը պետք է գիտակցի, որ իր ձայնը կարևոր է, որ պետք է պահեն և պահպանվեն օրենքը, մեր մաքրամաքուր ավանդույթները: Մենք բոլորս պետք է ղեկավարվենք օրենքով, մեր ներքին համոզմունքով, մեր ժողովրդին հատուկ, մաքուր բարքերով և առողջ մտածողությամբ: Եթե սահմանադրական բարեփոխումների և նոր Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան պահպանենք վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ, ապա ընտրությունները կանցկացվեն պատշաճ, արդյունքները կլինեն հավաստի, մեր կամքին համահունչ: Իսկ հասարակությունը ժամանակին կտիրապետի քվեարկության արդյունքներին: Մեր նախնիները ասել են, որ մենք ձևավորվում ենք մեր մտքերից: Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք: Ստեղծվելիք վստահության մթնոլորտը և ընտրական գործընթացի պայմանները թույլ չեն տա որևէ մեկը կասկած կամ մտավախություն ունենա ընտրությունների արդարացի արդյունքների վերաբերյալ: Մենք կունենանք հասարակության բոլոր շերտերի կամքն արտահայտող խորհրդարան, որտեղ իրենց տեղը կգտնեն հիմնականում չվարկաբեկված, հմուտ, կիրթ, քաղաքավարի և պարկեշտ անձինք: Վաղուց, շատ վաղուց ասել են, որ եթե ուզում ես նավ կառուցել, պարտադիր չէ մարդկանց հավաքել, գործ անել, այլ պետք է մարդկանց իրազեկել, հավասար իրավունքներ ապահովել, վարակել անծայրածիր ծովը լիարժեք տեսնելու ձգտումով: Այդ դեպքում նրանք համատեղ կկառուցեն նավը։
ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:


Նշված նորմը իրագործելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանվում է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով` առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան երկու և ոչ ավելի, քան չորս ներկայացուցիչ: Քանի որ մենք ՀՀ-ում դեռևս չունենք կուսակցություններ, ուստի առաջարկեցինք, և կուսակցությունը կամ դաշինքը կորոշի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկված թեկնածուներին, հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների ՀԿ-ի դիրքորոշումը, կուսակցության և կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ մասում 1) 2) 3) 4) թվագրմամբ նշված յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուի վերաբերյալ:


Ընտրական օրենսգրքով ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացվեն բոլոր կուսակցությունների և դաշինքների ցուցակներում: Կարծում եմ՝ այդ նորմը պարտադիր պետք է լինի: Բայց հաշվի է առնվում, որ եթե կուսակցություններն «օբյեկտիվ» պատճառներով չեն կարող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին ցուցակում ներկայացնել, ապա այն չպետք է «արգելի» կուսակցության կամ դաշինքի մասնակցությունն ընտրություններին: Միայն թե ազգային փոքրամասնությունների մանդատը չպետք է թափուր մնա: Եթե այդ խնդրահարույց հարցը լուծվի, ապա ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը երկրի ներկայացուցչական մարմնում, ինչն արդեն առաջընթաց է: Այն օրենքով ամրագրում է ազգային փոքրամասնությունների գլխավոր հարցերից մեկը, մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը, որը պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր հանրապետության և հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքն է: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Այս նորմի սահմանումը ժամանակի գնահատանքին է արժանի, և հավատացեք, այն մեկ անգամ ևս բարձրացնում է ազգային փոքրամասնությունների պատասխանատվությունը: Այն միայն օգնող, օժանդակող կարող է լինել, ոչ մի դեպքում խանգարող չէ, որի համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը, մեր ժողովրդին նման քաղաքական որոշում կայացնելու համար:
Այսօր քաղաքական դաշտում սահմանադրական բարեփոխումները, նոր ընտրությունները պահանջում են նոր քաղաքական մոտեցումներ: Ընտրական պրոցեսում փոփոխություններն առկա են մեր հանրային վստահությունը կյանքի կոչելու համար: Խորհրդարանական ընտրությունները պետք է արտացոլեն մեր ժողովրդի կամքը: Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը մեր բոլորիս գերակա նպատակն է: Նոր ընտրական օրենսգիրքը ողջունելի և դրական գնահատանքի արժանի օրենսգիրք է: Չնայած առանց հանրության թեկուզ նվազագույն վստահության և հավատի ոչ մի օրենսդրական ակտ չի կարող աշխատել: Մշտապես պետք է կատարելագործվեն, որևէ խոչընդոտ չպետք է լինի: Հանրության հետ փոխադարձ կապը, անշուշտ, միայն ողջունելի և օգտակար է:


2015-ի սահմանադրական բարեփոխումների քաղաքական միջոցառումներով պայմանավորված մենք բոլորս պարտավոր ենք «աչքի լույսի պես» պահել մեր երկրի կայունությունը, հզորությունը, անվտանգությունը: Միասնական պայքարենք մեր երկրի տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համար: Անկախ դիրքից ու պաշտոնից, պատվով և արժանապատիվ կատարենք մեր առջև դրված խնդիրները, նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխան, առողջ մտածողությամբ, ժամանակակից ուղիով և արդյունավետությամբ: Համոզված եմ, որ սահմանադրական բարեփոխությունները, նաև նոր ընտրությունները պետք է շատ բան փոխեն մեր կյանքում, իսկ իշխանությունները նման քաղաքական կամք ունեն և ամեն ինչ կանեն, որ ժողովուրդը վստահ լինի իր ընտրության հարցում: Մեր վստահությունը, հավատը միայն հաջողություններ կբերեն մեզ, մեր հայրենիքին, ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությանը, վտանգներով լի այս աշխարհում: «Ժամանակն է՝ բոլորս պարզ տեսնենք մեր երկրում տնտեսական ու քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, դրանք ինքնանպատակ չեն, այլ լավ Հայրենիք ունենալու, անվտանգ Հայրենիք ունենալու, սեփական հողի վրա հազարամյակներ ապրելու և արարելու նպատակով արված բարեփոխումներ են»,- նշում է նախագահ Ս. Սարգսյանը: Ժամանակն է միասնական ու պարզ տեսնելու և ընկալելու համաշխարհային գործընթացները, աշխարհում առկա խնդիրներին ի շահ մեր երկրի ընդառաջ գնալու ցանկությունն ու պատրաստակամությունը:


Խստորեն դատապարտենք տարբեր միջադեպերը, վերջ տանք բամբասանքներին և չարախոսությանը: Սահմանադրական բարեփոխումները, նոր Ընտրական օրենսգիրքը իրենց նորարարական մոտեցումներով կնպաստեն մեր Հայրենիքի կայունությանը, հզորությանը, խաղաղությանը, անվտանգությանը և բարեկեցությանը: Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի, վստահենք միմյանց, միասին ուրախանանք մեր ձեռքբերումներով: Ես հավատում եմ մեր ժողովրդին, հավատում եմ, որ մենք ստեղծված ենք լավ, ճիշտ ու հավերժ ապրելու համար: Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն ինքնանպատակ չէ: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր երկրի նոր Ընտրական օրենսգրքի նորմերի ճիշտ իրագործման համար: Փոխվում է սերունդը, բնականաբար, փոխվում է նաև հանրային վերաբերմունքը: Վերջ տանք «Այս երկիրը երբեք երկիր չի դառնա» կարծրատիպին:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 2576

Մեկնաբանություններ